Հեծանվի գոտիներ և նստարաններ
Երևան | Այլ

27.03.2013
Հեծանվի գոտիներ և նստարաններ
fb image
Գրիգոր Մելքոնյան առաջարկում է`

1. Մարդկանց անպայման պետք է ավտոտրանսպորտից տեղափոխել հեծանիվ: Ամբողջ քաղաքում, որտեղ կան ճանապարհներ և փողոցներ, պետք է գծվի հեծանվի գոտի: Երևանի նման բարենպաստ եղանակ ունեցող քաղաքում հանցագործություն կլինի, եթե բնակչության գոնե կեսը հեծանիվ չքշի: Հեծանվի գոտիներ հատկացնելու հետ զուգահեռ պետք է տարվի քարոզչություն սկսած պաշտոնյա անձանցից, վերջացրած ծերերով և հաշմանդամներով:

2. Կարծում եմ՝ բավականին թանկ հաճույք է նստարան պատրաստելը և տեղադրելը, բայց նաև անհրաժեշտ: Կարելի է հետևել Նյու-Յորքի Ցենտրալ պարկի օրինակին: Նստարանը ֆինանսավորվում է ցանկացած քաղաքացու կողմից, այն պայմանով, որ իր, կամ իր հարազատի անունը, կամ, ինչու ոչ, սիրելի շան անունը փակցվի նստարանի վրա: Հավատացեք, շատերը այս միջոցով նվերներ կանեն մեկ մեկու:

Իմ կյանքում բազմաթիվ քաղաքներում եմ եղել, չեք պատկերացնի ինչեր կարելի է անել մեր Երևանում կյանքը ուրախ դարձնելու համար, ընդ որում ոչ թանկ միջոցներով: Եթե ձեզ պետք է իմ փորձը, խնդրեմ, կպատասխանեմ բոլոր հարցերին: Հարգանքներով՝ Գրիգոր Մելքոնյան:

Խմբագրված է:
Պատասխան`

Հարգելի քաղաքացի,

Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանի հրավիրած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել է մայրաքաղաքում նոր հեծանվուղիների ստեղծման հեռանկարը, որին մասնակցել են ճանապարհային ոստիկանության և քաղաքապետարանի տրանսպորտի վարչության աշխատակիցներ, հեծանվորդներ ու նախաձեռնող խմբի այլ անդամներ:

Հաշվի առնելով հեծանվորդների պարբերական աճը մայրաքաղաքում, ինչպես նաև հեծանիվը որպես տրանսպորտի միջոց օգտագործելու հնարավորությունը, քաղաքապետարանը, հետամուտ լինելով առկա պահանջարկի բավարարմանը, առաջիկա տարիներին նոր հեծանվային արահետներ կգործարկի մայրաքաղաքում: Քաղաքականությունը հետևյալն է. ստեղծել հիմնական երթուղիներ, որոնք հետագայում կճյուղավորվեն: Դրանցից մեկն անցյալ տարի շահագործման էր հանձնվել Վարդան Մամիկոնյանի արձանից մինչև «Օղակաձև» զբոսայգու Մոսկովյան փողոցն ընկած հատվածը:

Այս համատեքստում 2014 թվականի գարնանն արդեն կնշագծվի ու համապատասխան ճանապարհային նշաններով կհագեցվի Մաշտոցի պողոտայի Մատենադարանի հատվածից մինչև Էրեբունի փողոցի «Էրեբունի» թանգարանն ընկած հատվածը: Երթուղին կլինի և՛ զբոսաշրջային, և՛ տրանսպորտային:

Մինչ այդ, աշխատանքային խումբը 10 օրվա ընթացքում տեղում ուսումնասիրություններ կկատարի`ճանապարհը հատվածաբար անցնելով ոտքով և հեծանիվներով: Այնուհետ ճանապարհային ոստիկանության հետ կհաստատվի նախագիծը`գարնանը այն կյանքի կոչելու համար:

27.11.2013
Պատասխան`

Հարգելի քաղաքացի, շնորհակալություն բարձրացված հարցի համար։

28.03.2013