2015 թվականի ծրագրով կվերանորոգվի մայրաքաղաքի 548 բազմաբնակարան շենքերի թվով 785 մուտք

17.02.2015

Մայրաքաղաքում տարեցտարի ավելանում է բազմաբնակարան շենքերի վերանորոգված մուտքերի թիվը: Այս աշխատանքներն իրականացվում են համայնքային բյուջեի, համատիրությունների, ինչպես նաև համատիրությունների և վարչական շրջանի համաֆինանսավորման արդյունքում գոյացած միջոցներով: Բազմաբնակարան շենքերում 2015 թվականի աշխատանքների ծրագրով նախատեսվում է վերանորոգել 548 շենքերի թվով 785 մուտք: Ընդ որում, վերջին տարիներին որդեգրված սկզբունքի համաձայն, նորոգվում են ոչ միայն մուտքերի առաջին հարկերը, այլև առանց բացառության բոլոր հարկերի հարկաբաժինները: Այդ աշխատանքները, տեխնիկական պահանջներից ելնելով, սովորաբար մեկնարկում են ապրիլ ամսից, սակայն հաշվի առնելով եղանակային բարենպաստ պայմանները՝ ամենայն հավանականությամբ մեկնարկն այս տարի ավելի շուտ կտրվի: