Մշակված չափանիշներով մարտի մեկից մայրաքաղաքում մեկնարկել են ծառերի էտման գարնանային աշխատանքները

19.03.2015

Սահմանված ագրոկանոններին համապատասխան` մարտի 1-ից մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել են դեկորատիվ ծառերի գարնանային էտի աշխատանքները: Այս գործընթացն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների համագործակցությամբ`քաղաքապետարանի բնապահպանության վարչության վերահսկողության ներքո: Այժմ ընթանում են ձևավորման, իսկ առանձին ծառատեսակների դեպքում` նաև խորը էտման աշխատանքներ: Դրանք, մասնագետների հավաստմամբ, ծառերի երիտասարդացման և կենսունակության ապահովման տեսակետից պարտադիր միջոցառումներ են, հատկապես եթե խոսքը թեղիների և սոսիների մասին է: Առանձին դեպքերում խորը էտվում են նաև անկման վտանգ ներկայացնող բարդիները: Բացի գյուղատնտեսական բաղադրիչից, գործընթացը մայրաքաղաքում կարևոր է նաև ճանապարհային նշանների, լուսացույցների տեսանելիությունը և գեղագիտական տեսքն ապահովելու առումով: Երբեմն էլ առատ սաղարթ ունեցող ծառերի ճյուղերը վնասում են նաև կենսապահովման կառույցների օդային մալուխագծերը: Ծառերի էտը ներկայում ընթանում է ինչպես փողոցների հարակից մայթեզրյա հատվածներում, այնպես էլ զբոսայգիներում և բակային տարածքներում: Մինչ օրս էտվել և ձևավորվել է շուրջ 7 հազար ծառ:
Էտին զուգահեռ կազմակերպվում է նաև ճյուղերի տեսակավորում և տեղափոխում: Մարտից մեկնարկած աշխատանքները կշարունակվեն մինչև ապրիլի 15-ը: