Մայրաքաղաքի վարչական շրջաններում ընթանում են ժամանակավոր փոսալցման աշխատանքները

17.02.2015

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, եղանակային բարենպաստ պայմաններից ելնելով, այս տարի գլխավոր ու երկրորդական փողոցներում ժամանակավոր փոսալցման աշխատանքները նախատեսվածից շուտ են մեկնարկել: Գործընթացն իրականացվում է մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Նախնական գույքագրումից, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջանների աշխատակազմերում գործող թեժ գծերով ստացվող ահազանգերից հետո, փոսալցումը սեփական միջոցներով իրականացնում են մասնագիտացած այն ընկերությունները, որոնք էլ նախորդ տարիներին ասֆալտապատել են տվյալ տարածքները: Շինարարական կազմակերպությունները Երևանի քաղաքապետարանի հետ կնքած պայմանագրի համաձայն պարտավոր են 5 տարվա ընթացքում վերացնել փողոցներում ի հայտ եկած ցանկացած թերություն:
Կարճ ժամանակ անց արդեն կմեկնարկեն ասֆալտապատման հիմնական աշխատանքները: Այս փուլում փոսալցված բազմաթիվ փողոցներ հիմնական ծրագրի համատեքստում կենթարկվեն հատվածային մասնակի կամ հիմնական նորոգման: Առանձին դեպքերում փոսալցմանը կփոխարինեն փոսային նորոգման աշխատանքները, ինչի արդյունքում փողոցների շահագործման ժամկետները զգալիորեն կերկարեն: