Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են համաքաղաքային շաբաթօրյակն ու ծառատունկը

11.04.2015

Ապրիլի 8-ի վաղ առավոտվանից, ըստ նախապես առանձնացված տարածքների և ժամանակացույցների, մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների գլխավոր ու երկրորդական փողոցներում, բակային տարածքներում, այգիներում ու պուրակներում մեկնարկել են համաքաղաքային շաբաթօրյակն ու ծառատունկը: Այս աշխատանքներին ներգրավվել են Երևանի քաղաքապետարանի, ինչպես նաև մայրաքաղաքի վարչական շրջանների մարդկային և տեխնիկական մեծ ռեսուրսներ: Շաբաթօրյակին և ծառատունկին մասնակցում են նաև մայրաքաղաքի տարածքում գործունեություն ծավալող ՀԿ-ները, կրթական և առողջապահական հաստատությունները, պետական և մասնավոր այլ ընկերություններ:Համաքաղաքային շաբաթօրյակի և ծառատունկի նախաձեռնությանը միացած բոլոր երևանցիներն ապահովվել են գործիքներով ու տնկիներով: Անհրաժեշտ քանակությամբ նորատունկեր նախապես բաժանվել էին նաև վարչական շրջանների աշխատակազմերին, որոնց միջոցով էլ՝ պետական ու մասնավոր ընկերություններին: Կուտակված աղբը աղբավայրեր տեղափոխելու հարցում տեխնիկական աջակցություն են ցուցաբերում մայրաքաղաքի շինարարական և կենսապահովման բնագավառի`Երևանի քաղաքապետարանի գործընկեր կառույցները: