Տրվել է աղբահանության և սանմաքրման միջազգային օպերատորի աշխատանքների մեկնարկը

01.12.2014

Երևանում աղբահանության գործընթացը կանոնակարգելու նպատակով քաղաքապետարանի կողմից հայտարարված միջազգային մրցույթում հաղթած լիբանանյան «Sanitek s.a.r.l» ընկերությունը մայրաքաղաքում տվել է պայմանագրով պահանջվող համապատասխան ծառայությունների մատուցման մեկնարկը: Նոր մեքենասարքավորումները Շահումյան հրապարկում նախ ներկայացվել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Դեռևս 2012թ.-ին հայտարարված միջազգային մրցույթին աշխարհի 8 երկրներից հայտ ներկայացրած մասնագիտացած ընկերություններից 2013-ին ընտրվեցին երկուսը՝ Արևմտյան հատվածով (Աջափնյակ, Դավթաշեն, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ վարչական շրջաններ)՝ լիբանանյան «Sanitek s.a.r.l» ընկերությունը և Արևելյան հատվածով (Արաբկիր, Ավան, Էրեբունի, Քանաքեռ-Զեյթուն, Նորք-Մարաշ, Նոր Նորք և Նուբարաշեն վարչական շրջաններ)՝ հայ-շվեդական «Էկոգրուպ» և «ԼԼ Միլյոքոնսուլտ» ընկերությունների կոնսորցիումը:
Հարկ է նշել, որ վերոնշյալ երկու օպերատորների հետ համապատասխան պայմանագրերի կնքումից հետո, հատուկ նշանակության մեքենասարքավորումների պատվիրման, դրանց արտադրության և Հայաստան տեղափոխելու հետ կապված, օբյեկտիվորեն պահանջվում էր մոբիլիզացիոն երկար ժամանակ, ինչը և տրամադրվեց նրանց: Արևմտյան հատվածով հաղթող ճանաչված օպերատորը՝ «Sanitek s.a.r.l» ընկերությունը, ներկայումս ներկրել է ամբողջությամբ նոր, բավարար քանակությամբ եվրոպական մեքենասարքավորումներ ու գերմանական աղբամաններ, ինչի արդյունքում էլ արդեն իսկ մայրաքաղաքում տալիս է պայմանագրով պահանջվող համապատասխան ծառայությունների մատուցման մեկնարկը:
Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ որակյալ ծառայությունների մատուցումից հետո բնակիչներից աղբահանության համար գանձվող գումարների չափը չի փոխվելու: