Հասարակական տրանսպորտ
Նոր Նորք | Տրանսպորտ

26.08.2013
Հասարակական տրանսպորտ
fb image
Սիմոն Հայրապետյան առաջարկում է`

Արդեն ինը տարի է, ինչ ապրում եմ Ն. Նորքի 9-րդ զանգվածում: Կարող եմ ասել, որ, հատկապես հասարակական տրանսպորտի առումով, այնտեղ ապրելը շատ ավելի հարմար է, քանի որ մեր մոտից քաղաքի գրեթե ցանկացած վայր կարող ես գնալ ընդամենը մեկ տրանսպորտով, այն էլ՝ նստած: Սա, ինչ խոսք, շատ լավ է, բայց կան մի շարք խնդիրներ: 1. Երեկոյան ժամը 20.00-ից հետո ոչ մի ավտոբուս, բացի 8 համարի երթուղուց, քաղաք չի գնում. իրենց օրական պլանը կատարած համարելով՝ վարորդներն իրենց մեքենաները տանում են հավաքակայան: 2. Չնայած հասարակական տրանսպորտի առատությանը, «Հաղթանակ» զբոսայգու ուղղությամբ ոչ մի երթուղի չի աշխատում: 3. Խանջյան փողոցից դեպի մեր մոտ աշխատում է ընդամենը թիվ 73 միկրոավտոբուսային երթուղին: Ուղևորները ստիպված նստում են թիվ 31 երթուղու ավտոբուսը, հասնում ավտոկայան ու ետ գալիս: 4. Երեկոյան ժամերին միկրոավտոբուսային շատ երթուղիների վարորդներ, սկզբնակետերում ուղևոր հավաքելու նպատակով, ուշ են երթուղի դուրս գալիս կամ դանդաղ են շարժվում, ինչի հետևանքով Կոմիտասի պողոտայում հնարավոր է մոտ մեկ ժամ թիվ 66 միկրոավտոբուսի սպասել, քանի որ այդ ընթացքում կարող է պատահել այդ երթուղու 2-3 մեքենա, այն էլ՝ ուղևորներով լիքը: Նույնն էլ կարելի է ասել նաև թիվ 40 միկրոավտոբուսային երթուղու մասին:

1. Հսկողություն սահմանել ավտոբուսային երթուղիների վրա: 2. Այդ կապակցությամբ խնդրոմ եմ, հնարավորության դեպքում, կատարել որևէ երթուղու փոփոխություն, քանի որ մեր մոտից շարժվող համարյա բոլոր երթուղիները, մինչև շրջանային, համընկնում են: 3. Խնդրում եմ, հնարավորության դեպքում, թիվ 31 ավտոբուսային երթուղու չվացուցակը հետադարձ ուղղությամ փոխել՝ ավտոկայան-Մաշտոցի-Գրիգոր Լուսավորչի-Ագաթանգեղոսի-Խանջյան-Մոսկովյան ուղղությամբ: 4. Հսկողություն սահմանել նշված միկրոավտոբուսային երթուղիների շարժման պարբերականության վրա: Հնարավորության սահմաններում, թիվ 40 միկրոավտոբուսային երթուղին փոխարինել ավտոբուսային երթուղով:

Պատասխան`

Հարգելի քաղաքացի, Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունից տեղեկացնում են, որ Նոր Նորքի 9-րդ զանգվածը սպասարկող ավտոբուսային երթուղիների՝ երեկոյան ժամերին (ժամը 20:00-ից հետո) չաշխատելը չի համապատասխանում իրականությանը։ Քաղաքապետարանի կողմից պարբե­րաբար ուսումնասիրվում են երթուղիների (այդ թվում Ձեր թաղամասը սպասարկող) աշխատանքը երեկոյան ժամերին։ Ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ բացի նշված ավտո­բու­սային հ.8 երթուղուց, ժամը 21:00-ից հետո էլ թաղամասը սպասարկող մյուս երթուղիները ևս աշխա­տում և դեպի Նոր Նորքի 9-րդ զանգվածի, և դեպի քաղաքի կենտրոնի ուղղությամբ։ Մասնավո­րա­պես, 04.11.2013թ. ուսումնասիրության ժամանակ Նոր Նորքի 9-րդ զանգվածը սպասարկող տար­բեր երթուղիների թվով 22 տրանսպորտային միջոցներ աշխատել են Նոր Նորքի 9-րդ զանգվածից դեպի Բժշկական համալսարան ուղղությամբ, իսկ 19.11.2013թ. ուսումնասիրության ժամանակ թվով 35 տրանսպորտային միջոցներ՝ դեպի Նոր Նորքի 9-րդ զանգվածի ուղղությամբ։

Երեկոյան ժամերին ուղևորահոսքի նվազման պատճառով, երթուղիներում շարժակազմերի քանակները աստիճանաբար նվազեցվում են և դրա հետևանքով, բնականաբար, մեծանում են շարժման միջակայքերը։

Ինչ վերաբերում է «Հաղթանակ» զբոսայգու ուղղությամբ երթուղի կազմակերպելու հարցին, ապա հնարավոր չէ Նոր Նորքի 9-րդ զանգվածից անմիջական կապ ապահովել մայրաքաղաքի բոլոր թաղամասերի միջև։

Ներքաղաքային երթուղիների՝ երեկոյան ժամերի աշխա­տանքի ուսումնասիրությունները շարունակական բնույթ են կրում և հանձնարարվել է «Երևանտրանս» ՓԲ ընկերությանը Նոր Նորք 9-րդ զանգվածը սպասարկող երթուղիների աշխա­տանքը վերցնել հսկողության տակ։

03.12.2013
Պատասխան`

Շնորհակալություն առաջարկի համար:

26.08.2013