Տեղային տուրիզմի զարգացում
Երևան | Զբոսաշրջություն

04.02.2013
Տեղային տուրիզմի զարգացում
Փիրուզ Մնացականյան առաջարկում է`

Բարև Ձեզ, Զբոսաշրջության զարգացման պայմաններից մեկն էլ բազմազանության ապահովումն է: Ցավոք քաղաքում ամեն ինչ կենտրոնացված է հիմնականում փոքր կենտրոնում: Շատ քիչ ուշադրություն է դարձվում համայնքներում տուրիզմի զարգացմանը:

Յուրաքանչյուր համայնք կարող է յուրովի ներկայանալ արտասահմանցի կամ սփյուռքահայ տուրիստին: Ամենևին էլ պարտադիր չէ, որ մեր թվագրությունից առաջ կառուցված որևէ բերդ կամ միջնադարյան եկեղեցի ունենա: Համայնքները կարող են ներկայանալ յուրովի, միակ պայմանը այն է, որ արխիվներից հանվեն տվյալ համայնքի հետ կապված իրական հետաքրքիր փաստեր:

Ինքս պատմաբան եմ, ծնվել եմ Նորք համայնքում, որը հին թաղամաս է և ունի հետաքրքիր ճարտարապետություն, պատմություն, կա հին գերեզմանատուն, մատուռ, կան հին, բնիկ նորքեցիներ`իրենց պատմություններով, միջնադարյան խաչքար, գեղեցիկ այգիներ, հին նկուղներ, մառաններ, կա գրող Սերո Խանզադյանի ամրոցատիպ տունը և կառուցած ցայտաղբյուրը` արձանագրությամբ: Նորք տանող Ս. Խանզադյան փողոցը գեղեցիկ ոլորաններով բարձրանում է դեպի թաղամաս, ուր ամեն ոլորանից յուրահատուկ տեսարան է բացվում քաղաքի վրա:

Կարելի է ամբողջական ծրագիր կազմել, բարեկարգել որոշ հատվածներ, տեղադրել համապատասխան ցուցանակներ և թաղամասում զարգացնել պատմական հետիոտն տուրիզմը:

Կարելի է վերականգնել ճոպանուղին, որը Նորքում կունենա հեծանիվների վարձակալման կետ, որտեղից տուրիստը հեծանիվով կշրջի Նորքի նեղլիկ փողոցներով: Տուրիզմի հոսքը տարբեր համայնքներ կբերի նաև համապատասխան ֆինանսներ (սրճարանների, տեղական հուշանվերների, փոքրիկ հյուրատների և այլ ծառայությունների տեսքով): Կշահի և համայնքը, և քաղաքապետարանի բյուջեն:

Սա կոնկրետ Նորքում տուրիզմի զարգացման տարբերակներից մեկն է, որը ցանկության դեպքում կարելի է իրականություն դարձնել:

Պատասխան`

Շնորհակալություն առաջարկի համար:

05.02.2013