Մշակութային ևս 4 օջախներ կհամալրվեն Wi Fi ցանցով

06.02.2015

Երևանի քաղաքապետարանի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցության արդյունքում տեղեկատվական ժամանակակից ենթակառուցվածքներով են ապահովվել մայրաքաղաքում գործող մի շարք գրադարաններ: Երևանի քաղաքապետարանի Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի բոլոր մասնաճյուղերում ստեղծվել են Wi Fi անկյուններ: Տրամադրվել է «Home-Zone Turbo» փաթեթի շրջանակում գործող թվով տասներեք 3G երթուղիչ: Wi Fi կապի շնորհիվ բոլոր ընթերցասերների համար բացվում են գրադարաններից նաև տեխնոլոգիական նորամուծությունների կիրառմամբ օգտվելու հնարավորություններ: Վիճակագրական տվյալներով՝ միայն անցյալ տարվա ընթացքում շուրջ 13 հազարով ավելացել է հիշատակված գրադարաններ այցելությունների և առկա հնարավորություններից օգտվողների թիվը: Ծրագրի տարեկան արժեքը ավելի քան 2.4մլն դրամ է: Հիշատակված գրադարաններում այսօրինակ հնարավորությունների տրամադրման համար, ընդհանուր առմամբ, հատկացվել է 4.8մլն դրամ: Երևանի քաղաքապետարանի զարգացման և ներդրումային վարչության պետ Արմեն Հարությունյանը նշել է, որ սա Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության հերթական օրինակն է: Հաշվի առնելով ծրագրի արդյունավետությունը` կողմերը որոշել են ընդլայնել համագործակցությունը: Մինչ այդ ընթացիկ տարում նախատեսվում է ինտերնետ հասանելիության սարքերով ապահովել մշակութային ևս 4 օջախում. Երևան քաղաքի պատմության, ժամանակակից արվեստի թանգարաններում, Կարեն Դեմիրճյանի տուն-թանգարանում, ինչպես նաև «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում: 2014 թվականին Երևանի քաղաքապետարանի` մայրաքաղաքի շինբարեկարգման աշխատանքների համատեքստում հիմնանորոգվել է 12 գրադարան: 2015 թվականին նախատեսվում է հիմնանորոգել ևս 16 գրադարան: