Ավարտվել են մայրաքաղաքով հոսող գետերի ու ջրանցքների հուների մաքրման աշխատանքները

18.04.2015

Ապրիլի 15-ին ավարտվել են մայրաքաղաքի վարչական շրջաններով հոսող գետերի ու ջրանցքների հուների մաքրման աշխատանքները: Գործընթացի հիմնական նպատակը գարնանային տեղումների, ինչպես նաև բարձրադիր գոտիների ձյան հալոցքի դեպքում հնարավոր հեղեղումներից խուսափելը, ինչպես նաև ջրային զանգվածի անխոչընդոտ հոսքն ապահովելն էր: Մաքրման աշխատանքները կատարվել են նաև սանիտարահիգիենիկ նկատառումներով, քանի որ Ողջաբերդ և Գետառ գետերում չեզոքացվել է հատկապես ամռան ամիսներին հարակից բնակելի թաղամասերում տհաճ հոտի ու վարակների հնարավոր տարածման հավանականությունը: Կուտակված աղբն ամեն օր հատուկ տեխնիկայով տեղափոխվել է աղբավայրեր: Մաքրման աշխատանքների ավարտին գետերն ու ջրանցքները մաքրաջրվել են ուժեղ ճնշման ջրաշիթերով:
Երևանի Քաղաքապետարանը քաղաքացիներին հորդորում է մաքուր պահել գետերի ու ջրանցքների հարակից տարածքները: Այդ հատվածներում աղբ թափողների լուսանկարները կտեղակայվեն ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում: Բացի այդ, օրինախախտների նկատմամբ կկազմվեն վարչական արձանագրություններ, մեղավորներն անխտիր կտուգանվեն: