Հանդիսավորությամբ բացվեցին Ծարավ Աղբյուրի 55/8 և 55/11 բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքերը

02.08.2014

ՀՀ Նախագահ, Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և բազմաթիվ երևանցիների հետ միասին մայրաքաղաքի Ավան վարչական շրջանում ներկա է գտնվել «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության «Մատչելի բնակարան երիտասարդ լրագրողներին, բժիշկներին, մանկավարժներին և սպորտսմեններին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում կառուցված բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքերի պաշտոնական բացման արարողությանը:
Հանրապետության ղեկավարը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի նախագահ Արսեն Քարամյանի ուղեկցությամբ շրջել է շենքային համալիրում, այցելել շահառուների բնակարաններ, ծանոթացել կատարված աշխատանքներին և բնակության պայմաններին:
Բնակարանաշինական այս ծրագրով բնակարան ձեռք բերելու հնարավորություն են ստացել թվով 338 շահառուներ, որոնցից 98-ը լրագրողներ են, 112-ը՝ բժիշկներ, 115-ը՝ մանկավարժներ և 13 մարզիկներ: Բնակարանները շուկայականից զգալիորեն ցածր գներով տրամադրվել են վերոհիշյալ թիրախային խմբերի երիտասարդ մասնագետներին: Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի 55/8 և 55/11 հասցեներում 2012թ. մեկնարկած այս համալիրի կառուցապատման ընդհանուր մակերեսը կազմում է 48131քմ: Համալիրի հարակից տարածքը՝ շուրջ 11700 քմ. ընդհանուր մակերեսով, ամբողջությամբ բարեկարգվել է, կառուցվել են հաղորդուղիների նոր համակարգեր, իրականացվել են կանաչապատման աշխատանքներ:
Շրջայցի ընթացքում ծրագրի պատասխանատուները Նախագահին ներկայացրել են նաև տարածքում նախատեսված առաջիկա անելիքները: Մայրաքաղաքի այս հատվածում բնակիչների համար հարմարավետ քաղաքային միջավայրի ապահովման նպատակով Երևանի քաղաքապետարանի կողմից նորակառույցների հարևանությամբ արդեն իսկ աշնանը կմեկնարկեն նաև քաղաքային պուրակի ձևավորման և ծառատնկման աշխատանքները, որտեղ կկառուցվեն մանկական խաղահրապարակներ և ծառուղիներ: Բնակարանաշինական ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 5.864.923.000 ՀՀ դրամ: Ծրագրի իրականացման ընթացքում ստեղծվել է ավելի քան 900 աշխատատեղ: