Մայրաքաղաքում շահագործման են հանձնվել երկու նոր ավտոճանապարհներ

25.12.2014

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի տրանշ 1-ի շրջանակներում վերակառուցված Արշակունյաց պողոտայի Աշխատանքի հրապարակից մինչև Շիրակի փողոց ընկած 1.3 կմ երկարությամբ և երթևեկելի մասի 21մ լայնությամբ ճանապարհահատված: Մայրաքաղաքի երթևեկության բեռնաթափմանն ուղղված Ասիական զարգացման բանկի վարկային միջոցներով իրականացվող ծրագրի նպատակը միջազգային չափանիշներին համապատասխանող Երևանի հարավային ավտոճանապարհային դարպաս ունենալն է, որը նաև զգալիորեն կբեռնաթափի մայրաքաղաքի կենտրոնը տրանսպորտային հոսքերից: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային շրջայցի ընթացքում ծանոթացել է ծրագրի առաջին փուլով իրականացված աշխատանքներին:
Ճանապարհահատվածը շահագործման հանձնելու պաշտոնական արարողության ժամանակ, քաղաքապետին ներկայացնելով ծրագրի մանրամասները, պատասխանատուները զեկուցել են, որ ասֆալտապատվել է շուրջ 27000 քմ մակերես: Աշխատանքների շնորհիվ լայնացվել է ճանապարհի երթևեկելի մասը՝ ապահովելով 4-6 երթևեկելի գոտիներ: Մեկ առանձնացված երթևեկելի գոտի էլ կառուցվել է հարակից թաղամասի բնակչությանն սպասարկելու համար: Տարանջատվել են հանդիպակաց երթևեկելի գոտիները, կառուցվել են նոր մայթեր: Փողոցն ամբողջ երկայնքով ապահովված է ջրահեռացման համակարգով: Շինարարության ընթացքում ամբողջովին փոխվել են տվյալ հատվածում առկա հաղորդուղիները: Ճանապարհն ապահովված է եվրոպական չափանիշներին համապատասխանող, էներգախնայող լուսավորության համակարգով: Նշվել է նաև, որ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների իրականացման ազդեցության տակ ընկնող տարածքների հողօգտագործողներին տրամադրվել են համապատասխան փոխհատուցումներ:
Տեղում՝ նախագծի մոտ, քաղաքապետին նաև զեկուցվել է, որ առաջիկայում կմեկնարկեն ծրագրի հաջորդ փուլի շինարարական աշխատանքները, որը նախատեսվում է ավարտել 2016թ.: Առանձնակի կարևորելով նոր ճանապարհային հանգույցի ընձեռած հնարավորությունները՝ քաղաքապետը նշել է, որ այն ևս կկառուցվի ժամանակակից պահանջներին համապատասխան: Մայրաքաղաքում շահագործման է հանձնվել նաև Վիլնյուսի փողոցի՝ Նոր Նորքի 8-րդ զանգվածը 9-րդ զանգվածին միացնող 537 մետր երկարությամբ և 8-11 մետր լայնությամբ նոր ճանապարհատավածը: Ճանապարհի հնարավորություններին տեղում ծանոթացել է նաև Երևանի քաղաքապետը: Դեռ խորհրդային տարիներից նախատեսված այս ճանապարհի կառուցումն իրականացվել է բացառապես համայնքային բյուջեի միջոցներով: Հարկ է նշել, որ այն կառուցելու անհրաժեշտությունը հենց տեղի բնակիչների կողմից էր բարձրացվել քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ անմիջական հանդիպման շրջանակում, որը և կարճ ժամանակ անց կյանքի կոչվեց: