«Երևանի արտաքին գովազդի փառատոն 2017»-ը եզրափակվել է մրցանակաբաշխությամբ

21.11.2017

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ նոյեմբերի 21-26-ն անցկացված «Երևանի արտաքին գովազդի փառատոն 2017»-ը եզրափակվել է մրցանակաբաշխությամբ: Միջոցառմանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը:

Երևանի քաղաքապետի անունից ողջունելով մասնակիցներին` քաղաքապետի տեղակալը շնորհավորել է փառատոնի կայացման առթիվ:
«Երկրորդ տարին անընդմեջ Երևանում անցկացվեց արտաքին գովազդի փառատոնը: Այս օրերի ընթացքում կազմակերպված միջոցառումներն, իրոք, բովանդակալից էին: Վստահ եմ, որ միջազգային մասնագետների գիտելիքներն ու խորհուրդները լավ հիմք կհանդիսանան առաջիկայում մայրաքաղաքում նոր ու ժամանակակից լուծումներով գովազդներ տեսնելու համար՝ հատկապես հաշվի առնելով, որ հաջորդ տարի Երևանը նշելու է հիմնադրման 2800-ամյակը» ,-ընդգծելէ Դավիթ Օհանյանը:
Մրցանակաբաշխության արդյունքներով «Կրեատիվ դիզայն արտաքին գովազդում» անվանակարգում լավագույնն է ճանաչվել «Իմէքս գրուպը»՝ «Կերամիկա» խանութների ցանցի համար պատրաստված գովազդով: «Կրեատիվ մոտեցում» անվանակարգում հաղթել է «Դիիմ Քոմյունիքեյշնզը»՝ «Եվրամիությունը՝ Հայաստանի համար» նախագծով: «Լավագույն ադապտացիա» անվանակարգում ժյուրիի և առցանց քվեարկությամբ հաղթել է «Բիգ բորդը»՝ «Հիտաչի» բրենդով: «Առլուպայի» ընկերության «Սինեմա քուեսթ» գովազդային նախագիծը լավագույնն էր «Նորարարական լուծում արտաքին գովազդում»: «Լավագույն գովազդային կրիչ» անվանակարգում էլ հաղթել է «Յունիվերսալ Գրաֆիքսը»՝ եռակողմ լեդ էկրանի համար: Մրցանակաբաշխության արդյունքներով «Լավագույն գովազդային արշավ» է համարվել «Երեմյան փրոջեքթսի»՝ «Շերեփ-երաժշտական գործիքներ» աշխատանքը, իսկ «Լավագույն սոցիալական գովազդ» արշավում հաղթանակը շնորհվել է «Էգա» ընկերությանը՝ «Հայ մեծերը» շարքի համար:
Լավագույն «Չիրականացված գովազդային արշավ» համարվեց «Դոպինգ» ընկերության՝ ծխելու դեմ արշավը, իսկ «Չիրականացված նորարարական լուծում արտաքին գովազդում»՝ «Աութդոր էֆեկտը»՝ «Մյուզիք էյ Էմ» աշխատանքով: 
Փառատոնի կազմակերպիչները հույս են հայտնել, որ չիրականացված գովազդային մտահղացումներն առաջիկայում իրենց տեղը կգտնեն մայրաքաղաքում, իսկ արդեն իսկ լավագույնը ճանաչված ընկերությունները կպահպանեն իրենց յուրօրինակ մոտեցումը արտաքին գովազդի ոլորտում: